ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ճանաչել հարևանին` մերձեցման սցենարներնիրատեսորեն գնահատելու համար

Ճանաչել հարևանին` մերձեցման սցենարներնիրատեսորեն գնահատելու համար
05.12.2008 | 00:00

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պետք է խոստովանել, որ հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսելիս հազվադեպ ենք փորձում մեր դատողությունները խարսխել իրական թվերի և փաստերի վերլուծության վրա: Մինչդեռ այսօրվա Թուրքիայի տնտեսությունը ոչ միայն տարբերվում է ընդամենը մեկ-երկու տասնամյակ առաջվա տնտեսությունից, այլև աչքի է ընկնում իր դինամիկ փոփոխություններով ու նպատակադրված զարգացմամբ: Շատերին թվում է, թե լինելով հարևաններ, հավանաբար, կգտնվեն նաև ընդհանրություններ տնտեսության տարբեր հատվածներում, այնուամենայնիվ, իրականությունը հուշում է, որ տարբերություններն ավելին են:
Եվ այսպես, մինչ Հայաստանի ՀՆԱ-ի կազմում արդյունաբերության տեսակարար կշիռը վերջին տարիներին կտրուկ անկում է ապրում` հասնելով նվազագույն միանիշ թվերի, Թուրքիայի ՀՆԱ-ում այն կազմում է մոտ մեկ երրորդը: Հաջորդ կարևոր ճյուղը, իհարկե, գյուղատնտեսական մթերքների արտադրությունն է: Մշակովի հողատարածքները, զբաղեցնելով երկրի տարածքի 26,8 մլն հեկտարն ու աշխատունակ բնակչության 43,4 տոկոսը, թույլ են տալիս ոչ միայն ամբողջությամբ լուծել պարենային անվտանգության խնդիրը, այլև տարեցտարի ավելացող ծավալներով գյուղմթերքներ արտահանել Եվրամիության, ինչպես նաև սևծովյան ավազանի գրեթե բոլոր երկրներ: Մասնավորապես, օգտագործվող մշակովի հողատարածքների 82 տոկոսը ներկայումս զբաղեցնում են հացահատիկային կուլտուրաները, մնացածը` բանջարաբոստանային և բույսերի բազմաթիվ տեխնիկական տեսակներ, ինչպես նաև պտղաբուծությունը: Համաշխարհային շուկայում հատկապես մեծ պահանջարկ ունեն թուրքական մրգերը (ներառյալ` ցիտրուսային), ձիթապտուղները, ծխախոտը: Զարգացած ոլորտ է համարվում նաև անասնապահությունը (ընդհանուրը` մոտ 60 մլն գլուխ անասուն)` կովերի, ոչխարների և այծերի տարբեր տեսակներով: Գյուղատնտեսության տեսակարար կշիռն այսօր կազմում է Թուրքիայի ՀՆԱ-ի մոտ մեկ հինգերորդ մասը:
Արագորեն զարգանում է ծառայությունների ոլորտը` այսօր արդեն կազմելով ՀՆԱ-ի կեսից ավելին: Բուռն վերելք է ապրում հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որն, ի տարբերություն Հայաստանի, գերակա ոլորտ չի հռչակվել, սակայն մեր երկրին անգամ առաջարկում է իր ծառայությունները: Արդեն այս տարվա սեպտեմբերին նշանավոր «ԹուրքՍել» ընկերությունն իր պատրաստակամությունն է հայտնել` մտնելու հայաստանյան շուկա: Յոթ ազատ տնտեսական գոտիների հաջող փորձի հիման վրա մինչև 2010 թվականը ծրագրվում է ձևավորել ևս երեքը: Տրանսպորտի ոլորտը նույնպես վերընթաց զարգացում է ապրում: Օդանավակայանների թիվը մոտ ապագայում տասնհինգից նախատեսվում է հասցնել քսանի: Ամեն տարի ընդլայնվում է արագընթաց և գերժամանակակից մայրուղիների ցանցը, որը կարևորագույն ազդակ է տնտեսության զարգացման ընդհանուր գործընթացում: Սա, իր հերթին, հանգեցրել է ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների գծով երկաթուղու և օդային հաղորդակցությունների համեմատ ավտոմոբիլային տրանսպորտի էականորեն ավելի արագ և ինտենսիվ զարգացման, որն առաջատար դիրքեր է գրավում երկրում: Այս ամենը, իհարկե, դրական զգալի ազդեցություն է թողնում զբոսաշրջության ոլորտի մրցունակության բարձրացման վրա: Զբոսաշրջության բնագավառում առկա ցածր գներն ու բարձր որակը գրավիչ են ոչ միայն աշխարհի տարբեր երկրների, այլ նաև հենց հայաստանցի զբոսաշրջիկների համար։
Վերադառնալով արդյունաբերությանը, մասնավորապես, վերամշակող արդյունաբերությանը, կարևոր է հաշվի առնել, որ այս ճյուղում ստեղծվում է ողջ արդյունաբերական արտադրանքի 83 տոկոսը, և կենտրոնացած է արդյունաբերության մեջ զբաղված աշխատուժի 90 տոկոսից ավելին: Այն Թուրքիայի արտարժութային հասույթի աղբյուրների 84%-ն է կազմում: Մյուս ճյուղերից Թուրքիայում ստեղծվող հավելյալ արժեքի մեջ կարևոր տեսակարար կշիռներ ունեն քիմիական արդյունաբերությունը` 29 տոկոս, մետաղամշակումն ու մեքենաշինությունը` 20,7 տոկոս, տեքստիլ արդյունաբերությունը (ներառյալ կաշեգործությունը)` 17,1 տոկոս, սննդինը` 15 տոկոս, կերամիկականը` 7,1 տոկոս, մետալուրգիականը` 6,2 տոկոս, ցելյուլոզի և փայտամշակմանը` 4,6 տոկոս:
Արդյունահանող ճյուղերն իրենց տարբեր հատվածներով (քարածուխ, լիգնիտ, երկաթի, քրոմի, պղնձի հանքանյութ) համեմատաբար ավելի համեստ տեղ են գրավում ինչպես ՀՆԱ-ում ունեցած տեսակարար կշռով` մոտ 1 տոկոս, այնպես էլ շուրջ կես տոկոս կազմող տարեկան աճի տեմպերով: Նավթի պաշարներն, ինչպես հայտնի է, գրեթե խորհրդանշական ծավալներ են կազմում` համեմատած մյուս հարևանների` Իրանի և Ադրբեջանի պաշարների հետ:
Ինչ վերաբերում է էներգետիկային, ապա այս ասպարեզում Թուրքիայի կառավարությունը որդեգրել է իրապես հավակնոտ քաղաքականություն: Տարիներ շարունակ քարոզչական պայքար ծավալելով Մեծամորի ատոմակայանի փակման շուրջ` Թուրքիան ինքը շուտով կգործարկի իր սեփական ատոմակայանը: Վերջինս, այնուամենայնիվ, ի վիճակի չէ ծածկելու էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում օրեցօր աճող դեֆիցիտը, որը ծրագրվում է լրացնել նաև նոր հիդրոէլեկտրակայաններից ստացվող էլեկտրաէներգիայի հաշվին: Առավել ակնառու ծրագրերից արժե հիշատակել հարավարևելյան Անատոլիայի խոշորամասշտաբ էներգետիկ նախագիծը, որն ամբողջությամբ կյանքի կոչելու պարագայում կգործեն ևս 22 ջրամբար և 19 հիդրոէլեկտրակայան: Ընդհանուր առմամբ, Թուրքիայի էներգետիկան շուտով հավակնում է աճել երկնիշ թվերով, իսկ արտաքին քաղաքական արգելքների վերացման պարագայում խիստ իրատեսական են հայ էներգետիկների հետ համագործակցաբար նոր ՀԷԿ-երի կառուցման ծրագրերը, ինչպես նաև Հայաստանից էլեկտրաէներգիայի խոշորամասշտաբ ներմուծումները:
Պակաս տեմպերով չի զարգանում նաև Թուրքիայի բանկային համակարգը: Թեև համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ներկա փուլում այն դիմագրավում է բազմաթիվ լուրջ հիմնահարցերի, այնուհանդերձ, առկա են նաև բազմաթիվ դրական տեղաշարժեր: Վերջին տարիներին բարձր տեմպերով աճում են սպառողական վարկավորման տեմպերը: Լայն տարածում է ստացել վարկային պլաստիկ քարտերի կիրառումը, ընդլայնվել է բանկոմատների ցանցը, գրեթե ամբողջովին ավտոմատացվել է վճարումների համակարգը: Զուգահեռաբար շարունակում են զարգանալ կոնսալտինգային և լիզինգային գործառնությունները: Բանկերի խոշորագույն տասնյակի մեջ կան երկու պետական առևտրային բանկեր` գյուղատնտեսական բանկն ու ժողովրդական բանկը, ինչպես նաև խառը մասնաբաժնով` գործարար բանկն ու երեք մասնավոր բանկեր` շինարարական բանկ, երաշխիքային բանկ և միջերկրածովային բանկ: Դժվարություններ դիմագրավող բանկերի նկատմամբ Թուրքիայի կենտրոնական դրամատունը վարում է ապամասնավորեցման և միաձուլումների քաղաքականություն, որը կհանգեցնի բանկային կապիտալի հետագա համակենտրոնացման: Ներկայումս թուրքական հինգ խոշորագույն բանկերին բաժին է ընկնում երկրի բանկային կապիտալի մոտ 43 տոկոսը:
Այսպիսով, Թուրքիայի տնտեսությունն այսօր զարգանում է բավականին դինամիկ, երբեմն` հակասական միտումներով: Ավելի արագընթաց զարգացում է սպասվում առաջիկա տարիներին` հաշվի առնելով Թուրքիայի անթաքույց հավակնությունը` դառնալու Եվրամիության լիիրավ անդամ: Իսկ թե ինչ կարող է տալ այդ ամենը Հայաստանին` սահմանը բացելու պարագայում, և ինչ տեղաշարժերի կարող է հանգեցնել տարածաշրջանում, բնականաբար, առանձին քաղաքատնտեսական վերլուծության նյութ է:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Դիտվել է՝ 9450

Մեկնաբանություններ